«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Սանտա Լուչիայից» մինչև «Ով սիրուն, սիրուն»

«Սանտա Լուչիայից» մինչև «Ով սիրուն, սիրուն»
25.01.2013 | 14:27

«Գիտությունով կչալե» ընկերությունը մատուցում է սերենադային երգերի ծառայություն: Եթե ձեր բակում կամ պատուհանի տակ հաճելի երաժշտություն լսեք, ուրեմն ինչ-որ մեկը որոշել է սերենադ նվիրել իր սիրելիին:

Ընկերությունը հիմնադրվել է 2007-ին` Տարոն Գասպարյանի նախաձեռնությամբ: Սերենադային ծառայություններ մատուցող երգչախմբում աշխատում են կոնսերվատորիայի լավագույն երաժիշտները: Մեր զրուցակիցը խմբի մենակատար ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆՆ է:


-Հիմնականում ի՞նչ երգեր են պատվիրում:
-Պատվիրատուն կարող է մեր երգացանկից ընտրել իր ուզած երգը: Հիմնականում հնչեցվում է քաղաքային ֆոլկլոր` «Երևանի սիրուն աղջիկ», «Ով սիրուն, սիրուն» կամ իտալական դասական սերենադներ:
-Ամանորի տոներին պատվերներ եղե՞լ են:
-Միշտ են լինում պատվերներ, բայց նրանք ովքեր ուզում են իրենց սիրելիի օրը յուրահատուկ դարձնել, չեն սպասում տոն օրերի:
-Իսկ ինքներդ ձեր սիրելիին բակում սերենադ կնվիրեի՞ք:
-Եթե դրանից յուրահատուկ նվեր փնտրեի, երևի` չգտնեի:
-Ձեր պատվիրատուները հիմնականում երիտասարդ տղաներն են: Կին պատվիրատուներ ունենո՞ւմ եք:
-Շատ է պատահել, երբ սերենադ է պատվիրել կինը ամուսնու համար, կամ աղջիկը` իր սիրած տղայի: Որտեղ կա ուրախ մթնոլորտ, մեր երաժիշտներն այնտեղ են: Ի միջի այլոց, մեր տղաները հնչեցնում են միայն բարձրաճաշակ երաժշտություն, ռաբիսը բացառվում է:
-«Առաջին սիրո երգը» ֆիլմում հրաշալի մի դրվագ կա. կեսգիշերին սերենադ է հնչեցվում բակում, ինչն ամենևին չեն խրախուսում շենքի բնակիչները: Բողոքներ չե՞ն լինում ձեր ծառայությունների ժամանակ:
-Ինչպես մեր տնօրենն է ասում` եթե կյանքում մարդ մեկ անգամ սիրահարված լինի, չի կարող սերենադ երևույթին դեմ լինել: Իհարկե, շատ ուշ ժամերից խուսափում ենք, բայց որտեղ էլ հնչում է սերենադը, հիմնականում արժանանում է շենքի բնակիչների ծափահարություններին ու հիացմունքին:
-Ձեր երգչախումը նաև բեմելնե՞ր է ունենում. չեմ կարծում, թե միայն բակերում եք երգում:
-Մեր երաժիշտները միջազգային մի շարք մրցույթների դափնեկիրներ են, ելույթներ են ունենում աշխարհի տաբեր բեմերում` տարբեր նվագախմբերի հետ: Բակերում սերենադ հնչեցնելու մտահղացումը Տարոն Գասպարյանինն է: Ամեն քայլափոխի կարելի է լսել անճաշակ երաժշտություն, իսկ բարձրարժեք երաժշտություն` միայն մշակութային օջախներում: Մեր տնօրենը որոշեց սերենադի միջոցով բարձրարժեք երաժշտությունը հնչեցնել փողոցներում, որ ավելի շատ ունկնդիր ունենա: 2011-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բացառիկ համերգ` սերենադի միջոցով պրոպագանդվեց դասական երաժշտությունը: Մասնակցում էին ավստրիացի հայտնի կիթառահար Ջոնաս Կուբիկասը և Զորա Սարգսյանը: Վերջինս Երևան գալուց օրեր առաջ մրցանակների էր արժանացել Իտալիայում և Ռումինիայում:
-Բակերում սերենադ հնչեցնող այլ կազմակերպություններ կա՞ն:
-Ոչ, մենք միակն ենք: Այս մշակութային ծրագրերի հեղինակային իրավունքն օրենքով պաշտպանված է և պատկանում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրոս Տարոն Գասպարյանին: Նշեմ նաև, որ մեր բոլոր համերգներին աջակցում է մշակույթի նախարարությունը:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ